ՕԵԿ-ի նախաձեռնությամբ ՀՀ ընտրական փոփոխությունների և 100- տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու վերաբերյալ աշխատանքային խումբ է ստեղծվելու: Ըստ ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանի՝ խմբի մեջ ներգրավվելու են չորս խմբակցութուններ՝ ՕԵԿ, ԲՀԿ, ՀՅԴ և «Ժառանգություն»: Մարգարյանն այսօր ասուլիսում հայտարարել է, թե «տղամարդավարի պայմանավորվածություններ» են ձեռք բերվել խմբի աշխատանքի համար, որը ռոտացիոն կարգով է գործելու: Խմբի սկզբնական ներկայացուցիչներն են լինելու չորս ուժերից՝ Տիգրան ՈՒրիխանյանը, Արծվիկ Մինասյանը, Թևան Պողոսյանը և Հովհաննես Մարգարյանը: «Հենքը լինելու է 100 -տոկոսանոց համամասնական ընտրակարգը: Նաև պահանջվելու է, որ ընտրություններից հետո ցուցակները հրապարակվեն»,- ասել է Մարգարյանը: Վերջինս նշել է, թե չորս կուսակցություններին ցանկություն են հայտնել միանալ և արտախորհրդարանական «Արդարություն» և «Ագրարային» կուսակցությունները: Հովհաննես Մարգարյանը աբսուրդ է համարել այն, որ «սահմանադրական փոփոխություններում նշվում է խորհրդարանական կառավարման համակարգի, սակայն չի խոսվում 100- տոկոսանոց համամասնական ընտրական համակարգի մասին»: ՕԵԿ-ի նախաձեռնությանը խորհրդարանական ուժերից չեն մասնակցի ՀՀԿ-ն և ՀԱԿ-ը: Ըստ Հովհաննես Մարգարյանի՝ ՕԵԿ-ը նման աշխատանքային խմբի ստեղծման համար հանդիպումներ է սկսել սեպտեմբեր ամսից: Համատեղ աշխատանքի արդյունքում պետք է ստեղծվի այնպիսի օրենսգիրք, որը ժողովրդավարական ընտրությունների երաշխիք կարող է հանդիսանալ: Աշխատանքային խմբի առաջին նիստը տեղի կունենա նոյեմբերի 3-ին: